Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Առայժմ ոչինչ «չասող» տոնավաճառ...

Առայժմ ոչինչ «չասող» տոնավաճառ...
22.07.2008 | 00:00

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԿՑԻԱՆԵՐՈՎ ՀԱՐՑ ՉԵՍ ԼՈՒԾԻ
Ընդունում եմ սխալս. մեր հարցազրույցի արդեն վերջին հատվածում ՀՀ գյուղատնտեսության առաջին փոխնախարար Սամվել Ավետիսյանը նաև մեր թերթի միջոցով էր փորձել երևանցիներին տեղեկացնել անցած հանգստյան օրերին Էրեբունու տարածքում կազմակերպվելիք առաջին գյուղատնտեսական տոնավաճառի մասին, որտեղ առավելագույնս մեծ թվով մարդկանց ներկայությունը խիստ ցանկալի էր (ինչպես նաև այն մասին, որ հնարավոր է` ծիրանին վերաբերող հաջորդ տարվա միջազգային համաժողովը Երևանում անցկացվի), իսկ մենք այդ մասին, նաև տեղի սղության պատճառով, «մոռացել էինք» նշել։
Մյուս կողմից էլ, երևի այդպես ավելի ճիշտ եղավ, որովհետև մարդիկ գալու էին հերթական անգամ զայրանալու, դժգոհելու պետությունից ու նրա կազմակերպած միջոցառումներից (համաձայն պարոն Ավետիսյանի` գյուղացիների բերքը քաղաք հասցնելու և առանց միջնորդության նորմալ գներով շուկա հասցնելու հոգսը պետությունն էր իր վրա վերցրել), նաև պիտի արձանագրեին, որ տեղադրված 60, թե 70 տաղավարների մեծ մասը դատարկ էր. ոչ գյուղացի կար, ոչ բերք ու բարիք: Եղածը ձմերուկ էր, կարտոֆիլ ու պանիր, որի և առհասարակ` կաթնամթերքի մասին օրերս «Ազատություն» ռ/կ-ով հաղորդում էին, թե հարկավոր է զգուշանալ դրանցից մանավանդ ամռան շոգին, թե չգիտես` ինչ կաթով է սարքած, ինչ հիվանդություն է ունեցել կենդանին և հավելում էին, թե մանավանդ շուկայից գնած կաթնամթերքից առաջացած վարակները վերջերս ինչ-որ շատացել են։
Բա հիմա սա ո՞նց հասկանանք, էս ո՞ւր են վաճառողները, հարցրինք վաճառողներին, երբ նկատեցինք, որ տոնավաճառը կազմակերպած «պետությունից», այսինքն` գյուղատնտեսության նախարարությունից մարդ չկա: Պարզվեց` պարոն Ավետիսյանը, այնուամենայնիվ, տեղում եղել է և, մարդկանց ասելով, «փորձել է բոլորին դուխ տալ, ասել է` մեր հաջողությունը, մեր գործի ռեկլամն էն գյուղացին կլինի, ով շատ բան կծախի` հաջորդ անգամ իր համագյուղացիներին էլ հետը բերելով», չնայած «ինքն էլ է հասկացել, որ սա շուկա չի»։
Իսկ հնարավո՞ր է, որ գյուղացին ուղղակի չի վստահում պետությանը, և նրա այս բոյկոտը հենց դրա նշանն է, հարցրինք մի տատիկի, որը կարտոֆիլ էր վաճառում, և ում, չգիտես ինչու, թվում էր, թե լրագրողը ոստիկանի պես մի բան է. ոչ պիտի անունդ ասես, ոչ` որտեղից ես, և ընդհանրապես` ինչքան արագ ազատվես նրանից, էնքան լավ: Մի խոսքով, ոնց հասկացանք, տատիկը շատ դժգոհ էր. ուժգին արևը կարտոֆիլը կանաչեցնում էր, գյուղնախարարության տված կշեռքները բանի պետք չէին, մարդիկ էլ դժգոհում էին, թե. «Կարտոֆիլդ ինչու՞ է էսքան մեծ, որ 3 հատը մի կիլո է անում»: «Ի՜, հողը ե՞ս եմ, որ բան որոշեմ. քիչ ա 90 դրամով բան եմ ծախում, էլի չեն ուզում, այ մարդ»,-նաև այցելուներից էր դժգոհում տատիկը:
Երբ արդեն տեղը տեղին հոգնած տուն հասա և ժամանակ ունեցա «հիշելու» պարոն Ավետիսյանի ոգևորությունն այս տոնավաճառի շուրջ (նա հույս ուներ, որ այնքան մեծ հաջողություն են ունենալու, որ հնարավոր է` ընդհանուր շուկաները «մասնավորեցվեն». դե` ինչպես Ռուսաստանում. վարունգի շուկա, մեղրի շուկա և այլն), միանգամից հասկացա. բանն այն է, որ լոկալ և ժամանակավոր ակցիաներով հարց չես լուծի: Խնդիրը համակարգային լուծում է պահանջում, ինչի մասին արդեն տարիներ շարունակ և դեռ 98-ից առաջ էին խոսում։ Հարկավոր է ստեղծել գյուղատնտեսական շուկա և վերջ տալ միջնորդական ցանցով գյուղացուն ու քաղաքացուն հարստահարելու արատավոր պրակտիկային: Չենք ասում` վերավաճառողներ առհասարակ չլինեն, բայց նաև այնպես չլինի, ինչպես հիմա, և ինչին օրերս ականատես եղա։
Շատերը գիտեն Շինարարների փողոցի փոքրիկ շուկայի մասին, որը նույնիսկ գիշերն է աշխատում, և որտեղ բացառապես վերավաճառողներ են: Չգիտեմ` Արտաշատից էր, թե Արարատից, բայց մեկն իր մեքենայով համարձակվել էր «ճեղքել վերավաճառողների պատը» և 150-ի փոխարեն 100 դրամով իր աճեցրած ձմերուկը վաճառել: Թե ինչ իրարանցում սկսվեց, չեմ կարող նկարագրել, ու եթե մի քանիսը չխղճային, էդ մարդու «բագաժնիկը» մի կերպ չփակեին, ասելով. «Գնա, ախպեր ջան, գնա, թե չէ լավ չի լինի», իսկապես հայտնի չէ, թե ինչ կլիներ, և արդյո՞ք խեղճը դրանց ձեռքից սաղ-սալամաթ կպրծներ։
Հիմա առակս ի՞նչ կցուցանե: Այն, որ այս շաբաթ էլ Ավանում կազմակերպված նմանատիպ մի միջոցառումով, թերևս, դժվար թե հարց լուծվի: ՈՒրիշ բան, եթե դրանք իսկապես տոնակատարության վերածվեն այն իմաստով, ինչ դրսում: Նույն Ռուսաստանում, օրինակ, ընդամենը երկու օր առաջ տեղի ունեցավ վարունգի տոնավաճառ-տոնակատարությունը, ուր մեզ ծանոթ պտուղը էլ մեղրի, է՛լ մուրաբայի, է՛լ տարբեր թխուկների միջուկի, մի խոսքով` ինչ տեսքով ասես «հանդես չեկավ»: Հայտնի «մալոսոլնիի» մասին էլ չենք խոսում. մոտ 50 սորտի վարունգներով լի դույլերը «պատրաստվել էին» ընդհուպ մինչև 13-14-րդ դարերի հնագույն բաղադրատոմսերով: Այնպես որ ճիշտ է պարոն Ավետիսյանը, երբ ասում է. «Տոնավաճառը պիտի ոչ միայն ձեռնտու գնումների վայր լինի, այլև յուրօրինակ տոնակատարություն»: Այսինքն` այնպիսի մի բան, ինչպիսին ժամանակին լոռեցիների համար բերքի տոնն էր։ Բայց դրա համար արդեն ամեն բան պիտի այլ կերպ կազմակերպել։ Թերևս կարևոր է, որ միջոցառման կազմակերպմանը ոչ միայն մշակույթի նախարարությունը միանա, այլև ժողովուրդն ինքը գտնի այն ձևերը, որոնցով կարող է իսկապես մի լավ ուրախանալ և գոհություն հայտնել Աստծուն իր տված բարիքի և այն մշակելու` իրեն տրված իմաստնության համար։
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ
Հ.Գ. Ի դեպ, որպեսզի տոնավաճառի պատմությունը չկրկնվի, և մեր թերթի «առաջնայնությունն էլ պահպանվի», նշենք, որ, ՀՀ գյուղատնտեսության առաջին փոխնախարար Սամվել Ավետիսյանի փոխանցմամբ, հնարավոր է` հաջորդ տարվա ծիրանի միջազգային համաժողովը Երևանում անցկացվի, «ինչը, պատկերացնում եք, չէ՞, ինչ հաջողություն է մեզ համար», գոհունակությամբ շեշտում է փոխնախարարը: Բայց քանի որ այդ իրադարձությանը դեռ շատ կա, առայժմ բավարարվենք միայն այս ուրախալի լուրով և ծանոթանանք արդեն ավարտված համաժողովի նյութերին, որոնք փոխնախարարը մեզ շատ մեծ սիրով փոխանցեց: Նոր-նոր եմ սկսել կարդալ, բայց, պատկերացրեք, հետաքրքիր է։

Դիտվել է՝ 11404

Մեկնաբանություններ